Իտալիայում 3 մարդ անոմալ եղանակի զոհ է դարձել
Իտալիայում 3 մարդ անոմալ եղանակի զոհ է դարձել, գրում է ria.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով:
Տեղի օդերևութաբանները նախազգուշացրել էին, որ աֆրիկյան հակացիկլոնից հետո, որի հետևանքով անցած երկու շաբաթներին Իտալիայում չափազանց շոգ էր, եղանակը կտրուկ կփոխվի այս հանգստյան օրերին: Շաբաթ օրը Ատլանտյան ցիկլոնի հետևանքով Իտալիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում ուժեղ անձրևներ են տեղացել, որոնք ուղեկցվել են ուժեղ կարկուտով և քամու կտրուկ պոռթկումներով: Առատ տեղումների պատճառով շատ գետեր դուրս են եկել ափերից՝ վնաս հասցնելով բնակելի տներին և այլ շինություններին:
Շաբաթ երեկոյան վատ եղանակի հետևանքով Տոսկանայի Արեցցո քաղաքում անհետ կորել էր 72-ամյա մի տղամարդ: Ինչպես հայտնել է տեղական հրշեջ ծառայության ներկայացուցիչը, կիրակի առավոտյան փրկարարները հայտնաբերել են նրա մարմինը մեքենայի կողքին, որն, ամենայն հավանականությամբ, հեղեղել է գետի ափերից դուրս եկած ջուրը:
Մոտավորապես նույն ժամանակ Բոլցանո ինքնավար մարզում կայծակի հարվածից մահացել է նորվեգացի մի մարզուհի, որը մասնակցել է լեռնային տեղանքում ընթացող մրցավազքին:
Անոմալ եղանակների երրորդ զոհն է դարձել 27-ամյա մի կին, որին, սաստիկ մրրիկներից հետո, կիրակի գիշերը մահացած են հայտնաբերել Հռոմի մերձակայքում գտնվող իր մեքենայում:










