Հյուսիսային Կորեան ազատ է արձակել կալանված ռուսական նավը

10:46 • 28.07.19

Հյուսիսային Կորեայի իշխանություններն ազատ են արձակել «Սյանհայլին-8» ձկնորսական նավը և նավի անձնակազմին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը:

«Ժամը 16:00-ին (տեղական ժամանակով) կապիտան Վ.L. Վերյովկան Կորեայի կողմից տեղեկացվել է ազատ արձակման մասին, 19:30-ին նավը դուրս է եկել Վոնսան նավահանգստի նավամատույցից և ուղղություն վերցրել դեպի Սոկչո (Կորեայի Հանրապետություն), որտեղ անձնակազմի երկու անդամները՝ Հարավային Կորեայի քաղաքացիները, ափ դուրս կգան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայում շարունակվում է ռուսական նավի կալանման հանգամանքների պարզաբանումը:

Ավելի վաղ, ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել էին, որ նավը և անձնակազմի անդամները հայրենիք կվերադառնան նավի ստուգումից հետո: Նավի ռուս կապիտանը խոստովանել էր, որ մտել է Հյուսիսային Կորեայի տարածքային ջրեր։

Հուլիսի 17-ի գիշերը կալանվել էր «Սյանհայլին-8» ձկնորսական նավը: Այն Հարավկորեական Սոկչո նավահանգստից ուղևորվում էր Ճապոնական ծով՝ ծովախեցգետնի արդյունահանման համար։  ԿԺԴՀ-ի համաձայն՝ կալանման պատճառը «ռազմական պահպանության գոտու» սահմանի հատումն է, որը ԿԺԴՀ-ն կամայականորեն սահմանել է ափից 50 ծովային մղոն հեռավորության վրա: