75 տարեկանում մահացել է Միննի Մաուսին հնչյունավորած դերասանուհին
75 տարեկանում մահացել է Միննի Մաուսին հնչյունավորած դերասանուհին՝ Ռուսսի Թեյլորը: Դերասանուհին մահացել է ուրբաթ օրը Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ Walt Disney ընկերությանը հղումով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 1986 թվականից ի վեր՝ Թեյլորը անիմացիոն սերիալների, ֆիլմերի համար հնչյունավորել է բոլորի կողմից սիրված Միննի Մաուսի կերպարը:
Ռուսսի Թեյլորը ամուսնացած է եղել Ուեյն Օլվայնի՝ Միկի Մաուսի կերպարը հնչյունավորած դերասանի հետ, որը մահացել է 2009 թվականին:
Walt Disney ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Այգերը, շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ իր հարգանքի տուրքն է մատուցել դերասանուհուն:
«Ավելի քան 30 տարվա ընթացքում Միննին և Ռուսսին միասին աշխատել են ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց զվարճացնելու համար: Նրանց համագործակցությունը Միննին դարձրեց մեծ ճանաչում ունեցող կերպար, իսկ Ռուսսը Դիսնեյի լեգենդ է, որը սիրված է ամբողջ աշխարհում: Մենք մխիթարվում ենք այն փաստով, որ նրա աշխատանքը կշարունակի զվարճացնել և ոգեշնչել գալիք սերունդներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիսնեյի լեգենդը 2008 -ին հայտարարել էր, որ հույս ունի՝ նրանք, ովքեր կփոխարինեն իրեն և ամուսնուն, «կերպարներին կսիրեն այնքան որքան՝ մենք»:










