Պուտինը ռազմածովային նավատորմի զորահանդեսից հետո շփվել է Իրկուտսկի մարզում ջրհեղեղից տուժածների հետ

14:59 • 28.07.19

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած գլխավոր ռազմածովային շքերթից հետո շփվել է Իրկուտսկի մարզում ջրհեղեղից տուժած ընտանիքների հետ, որոնք որպես հյուրեր ժամանել են Սանկտ Պետերբուրգ՝ ներկա գտնվելու ռազմածովային նավատորմի օրվա տոնակատարություններին, հաղորդում է ria.ru-ն:

Զորահանդեսից հետո նախագահը մոտեցել է շքերթը դիտող ընտանիքներին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերի թվում է եղել նաև ՌԴ նախագահի «հին ծանոթը»՝ փոքրիկ Մատվեյ Նիկոլաևիչ Սաֆրոնովը, որի հետ նախագահը խոսել էր ջրհեղեղից տուժած Տուլուն քաղաք այցելության ժամանակ:

«Դուր եկա՞վ: Չե՞ք հոգնել»- հետաքրքրվել է Պուտինը։

Հյուրերը ներկայացրել են իրենց տպավորությունները, շնորհակալություն հայտնել զորահանդեսին մասնակցելու հրավերի համար:

Նրանց հրաժեշտ տալով՝ ՌԴ նախագահը անցել է հանդիսատեսով լեցուն տրիբունաների երկայնքով՝ շնորհավորելով նրանց տոնի առթիվ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ռազմածովային նավատորմի օրվա տոնակատարություններին: Ռուսական նավատորմն այսօր նշում է կազմավորման 323-րդ տարեդարձը: