ԱՄՆ-ում հայրը երեխաներին մոռացել է մեքենայի մեջ, ինչի հետևանքով երկվորյակները մահացել են

14:47 • 28.07.19

Ամերիկյան Ռոքլենդ շրջանում (Նյու Յորք նահանգ) մեկամյա երկվորյակները մահացել են այն բանից հետո, երբ հայրը շոգ եղանակին նրանց 8 ժամով թողել է փակ մեքենայում, գրում է New York Post-ը:

Աղբյուրի տվյալներով՝ երեխաների հորը՝ 39-ամյա Խուան Ռոդրիգեսին մեղադրանք է առաջադրվել սեփական երեխաների մահվան համար: Ռոդրիգեսը ոստիկանությանը հայտնել է, որ երբ նա կայանվել է հիվանդանոցի մոտ, որտեղ աշխատում է, չգիտեր, որ երկվորյակները՝ Լունան և Ֆենիքսը, դեռևս ավտոմեքենայում են:

«Ինձ թվում էր՝ նախքան աշխատանքի գնալը, նրանց երեխաների խնամքի ցերեկային կենտրոն եմ տարել: Ես ինձ կորցրել եմ. իմ երեխաները մեռած են, ես սպանել եմ իմ երեխաներին»,- Ռոդրիգեսի խոսքը մեջբերում է պարբերականը:

«Տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն է»,- հայտարարել է տղամարդու փաստաբանը:

Պարբերականի տվյալներով՝ շաբաթ կայացել է Ռոդրիգեսի գործով դատական լսումը. նա ազատ է արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց:

Հաղորդվում է, որ հաշմանդամ տղամարդը Իրաքի պատերազմի մասնակից է և դատական լսումներին ներկայացել էր այն նույն վերնաշապիկով, որը կրել էր դժբախտ պատահարի օրը: Շրջապատում նրան, որպես «հիանալի» հայր են նկարագրում:

Աղբյուրի տվյալներով՝ Ռոդրիգեսին մեղադրանքներ են առաջադրվել երկու կետով՝ չկանխամտածված սպանության և անզգուշությամբ մահ պատճառելու համար: