«Տարբերեք թացը չորից»․ հայտնիների մասնակցությամբ Գյումրիում Վարդավառի միջոցառում անցկացվեց (տեսանյութ, լուսանկարներ)
12.55
Այս ամառ ցանկանում էի արձակուրդս անցկացնել Գյումրիում և ցանկացա քաղաքիս այնպիսի տոն պարգևել, որ կարողանանք բերել բոլոր ընկերներիս Գյումրի, հատկապես նրանց, որոնք դեռևս Գյումրիում չեն եղել: Tert.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի պրոդյուսեր «Տարբերեք թացը չորից. ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում» միջոցառման հեղինակ ու կազմակերպիչ Ռուբեն Մխիթարյանը:
«Միայն երեկ մոտ 1000 մարդու դիմավորել ենք, այսօր 2000-3000 հոգի ճանապարհին է, իսկ Վարդանանց հրապարակում այս պահին մոտ 4500-5000 հոգի մարդ կա, նման բան Գյումրիում չի եղել, հուսով ենք՝ սա ավանդույթ կլինի Գյումրիի համար»:
Միջոցառման նպատակն, ըստ Ռուբեն Մխիթարյանի, այն է, որ Գյումրիում տնտեսական բում լինի, սակայն առաջին հերթին ցանկանում էր իր հարազատ քաղաքին տոն պարգևել.
«Երեկվանից Գյումրիի բոլոր սրճարաններն ու ռեստորանները լեփ-լեցուն էին: Կարծում եմ՝ Գյումրիում ռեստորանային բիզնեսը կարողանում է սպասարկել բոլոր հյուրերին, մնում է լուծել հյուրանոցային բիզնեսը, որովհետև մոտ 1300 տեղ կա: Վստահ եմ, որ մոտ ապագայում երբ ներդրումներ լինեն, Գյումրին կարդարացնի իրեն: Կարծում եմ՝ Գյումրին, նաև այսօրվանից սկսած, ֆիքսում է իր դերը տուրիզմի ոլորտում»:
Ռուբեն Մխիթարյանը նաև նշեց, որ աջակցություն են ստացել և՛ Շիրակի մարզպետարանից, և՛ Գյումրու քաղաքապետարանից. «Իհարկե մենք նախաձեռնությունը սկսեցինք ինքնուրույն, սական, երբ ֆեյսբուքից, այսպես ասած, ջուր էր կաթում, հանդիպեցի և՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, և՛ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, երկուսն էլ շատ ջերմ ընդունել են, պատրաստ են եղել աջակցելու: Այս մեքենաների մեծ մասն իրենք են տրամադրել»:


11.54
Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները:
Վերջին օրերին սոցցանցերում ակտիվ տարածվում էր նոր չելենջ: Հայ հայտնիները տեսանյութի միջոցով բոլորին առաջարկում էին Վարդավառի տոնն անցկացնել Գյումրիում: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է:
«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- հոլովակին կից գրում են հայ հայտնիները:
Համացանցում տարածում գտած «Տարբերեք թացը չորից» նախաձեռնության հեղինակ, «Արմենիա TV»-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմել էր Վարդավառը Գյումրիում անցկացնելու գաղափարի, սպասվող միջոցառումների մասին:
«Այս տարի որոշեցի արձակուրդս անցկացնել Գյումրիում: Հասկանալով, որ ինձ պես շատ մարդիկ կան, որոշեցի քաղաքին տոն պարգևել, իսկ Վարդավառն ամենալավ, ամենաբարի տոնն է: Ամեն ինչ սկսվեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ ինձանից, երկրորդ հոլովակը նկարահանեց Գոռ Հակոբյանը, հետո գաղափարը դարձավ մասսայական: Հենց հասկացանք, որ ծավալները մեծանում են, մեզ սկսեցին աջակցել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը: Թե՛ մարզպետի, թե՛ քաղաքապետի հետ շատ ջերմ հանդիպում եմ ունեցել, իրենք էլ շատ ոգևորված են նախաձեռնությամբ: Արդեն հազարավոր մարդիկ են պատրաստվում այդ օրը գալ Գյումրի և նշել Վարդավառը»,- ասել էր նա:
Առավոտյան ժամը 9:00-ից լվացվել են քաղաքի բոլոր արձանները, իսկ արդեն 12:00-ից մեկնարկել է ջրային տոնը՝ լավ երաժշտության ներքո: Աշխատելու է 8 ջրատար մեքենա, ինչպես նաև ԱԻՆ մեքենաներ, որոնք կապահովեն ջրցանը: Գյումրու հրապարակը փակ է մեքենաներ համար:
«Ժամը 15-ին մարդկանց ուղղորդելու ենք իրենց թաղերում շարունակել ջրոցին, իսկ մեր հյուրերին ուղղորդելու ենք Գյումրու փոքր կենտրոնի թանգարաններ, որոնք այդ օրը բաց են լինելու: Արդեն երեկոյան բոլորին հորդորելու ենք օգտվել Գյումրու սպասարկման ոլորտի բարիքներից: Բոլոր ռեստորանները մեծ հյուրընկալությամբ սպասելու են նրանց՝ ճաշացանկում առանձնացնելով գյումրվա բաղադրատոմսերով ուտեստները»,- նշել էր Ռուբեն Մխիթարյանը:











