Թուրքմենստանում ձերբակալություններ են սկսվել նախագահի մահվան մասին սուտ լուրեր տարածելու մեղադրանքով

15:36 • 29.07.19

Թուրքմենստանի առնվազն 3 քաղաքացի է ձերբակալվել պետության ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրերի տարածման մեղադրանքով, գրում է թուրքմենական hronikatm.com ընդդիմադիր պորտալը:

Աղբյուրի տվյալներով՝ հուլիսի 25-ից հանրապետության մայրաքաղաք Աշխաբադում և շրջաններում ուժային կառույցները պետության ղեկավարի մահվան կամ վատ առողջության մասին կեղծ լուրեր տարածողների դեմ պայքարի «ուժեղացված ծառայության» են անցել:

«Երկրում իրադրության ապակայունացմանը նպաստող» ասեկոսեների տարածման մեղադրանքով ձերբակալվել են «Թուրքմենտելեկոմ»-ի, ջրային տնտեսության աշխատակիցներ և կոմունալ տնտեսության աշխատակցուհի:

Բերդիմուհամեդովի մահվան մասին առաջին լուրերը տարածվել էին հուլիսի 20-ի գիշերը՝ YouTube-ում: Այդ ժամանակ նախագահը 15 օր չէր հայտնվել հանրության առաջ: Գրող Աքմուհամեդ Վելսապարովի կողմից արված նման հայտարարությունը մեծ իրարանցում էր առաջացրել ԶԼՄ-ներում: Հաջորդ օրը նախագահի մահվան մասին հայտնել էր Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաևը, սակայն նույն օրը նա ներողություն էր խնդրել ապատեղեկատվության համար:

Հուլիսի 25-ին Թուրքմենստանի նախագահն իր մահվան մասին հաղորդագրություններից հետո առաջին անգամ հայտնվել էր հանրության առջև: