Համաշխարհային վարձույթում «Առյուծ արքա»-ի դրամային մուտքերը մոտենում են 1 մլրդ դոլարին

13:30 • 29.07.19

Ջոն Ֆավրոյի «Առյուծ արքա» ֆիլմը, որը հիմնված է նույնանուն մուլտֆիլմի վրա, անցած հանգստյան օրերին ևս 75,5 մլն դոլար է հավաքել և շարունակում է գլխավորել հյուսիսամերիկյան վարձույթը, իսկ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Բրեդ Փիթը և Լեոնարդո Դի Կապրիոն, 40,35 մլն դոլարով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, գրում է Daily Mail-ը:

Ընդհանուր առմամբ, 1994 թվականի անիմացիոն ֆիլմի վրա հիմնված Disney-ի նոր տարբերակը 350 մլն դոլար է հավաքել hայրենական վարձույթում: Համաշխարհային վարձույթում ֆիլմը վաստակել է ավելի քան 612 մլն դոլար: Սպասվում է, որ ֆիլմը կգերազանցի 1 մլրդ դոլարի շեմը:    

Հաղորդվում է, որ Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը ռեկորդ է սահմանել հենց բացման օրը՝ հավաքելով ավելի քան 16,8 մլն դոլար:

Հանգստյան օրերին Sony ընկերությունը ֆիլմի մեկնարկի համար սահմանել էր 30 միլիոն դոլար՝ հաշվի առնելով ամառային դեբյուտը:

Ֆիլմը, որում իրադարձությունները ծավալվում են 1969թ. Լոս Անջելեսում ու պատմում են տխրահռչակ մարդասպան Չարլզ Մենսոնի հանցանքների մասին, քրեական դրամա է: Դի Կապրիոն մարմնավորում է դերասան Ռիք Դալթոնին, որը Մենսոնի զոհերից մեկի՝ դերասանուհի Շերոն Թեյթի հարևանն է:

Դի Կապրիոյից և Փիթից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարգո Ռոբին, Ալ Պաչինոն, Դակոտա Ֆենինգը, Լենա Դանեմը, Լյուք Փերին: 

Համաշխարհային վարձույթում «Առյուծ արքա»-ի դրամային մուտքերը մոտենում են 1 մլրդ դոլարին