ՀՀ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն Ավստրիայում քննարկեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման մեկնարկի հեռանկարները
Հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Ավստրիայի` Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի, ինչպես նաև ներքին գործերի դաշնային նախարարությունների գործընկերների հետ հանդիպմանը հարցի շուրջ ծավալվել են արդյունավետ քննարկումներ և մտքերի փոխանակում՝ ուղղված ՄԱԱԵ մեկնարկի խթանմանը։ Հայկական կողմը, մասնավորապես, ուշադրության է հրավիրել երկխոսության մեկնարկի համար առանցքային հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։
Ավստրիական կողմն իր հերթին գոհունակություն է հայտնել միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ՝ արձանագրելով ՄԱԱԵ մեկնարկին ուղղված շփումները շարունակելու կարևորությունը։










