Վերելակի անկման պատճառով երկու մարդկանց մահվան համար մեղավորը Հայկ Մարությանն է. Սոնա Աղեկյանը հնամաշ վերելակում քաղաքապետի խրտվիլակը փոխանցեց նրան (տեսանյութ)

17:31 • 29.07.19

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և նրա թիմը այսօր բողոքի ակցիա իրականացրին քաղաքապետարանի առջև՝ հուլիսի 27-ին Ազատամարտիկների 82 շենքում տեղի ունեցած ողբերգական պատահարի առիթով, երբ վերելակի անկման հետևանքով երկու քաղաքացի էր զոհվել:

Այս մասին Աղեկյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով: Նրանք 50-ամյա վերելակ էին բերել հանձնելու քաղաքապետ Հայկ Մարությանին, վերելակի մեջ, Աղեկյանի խոսքով՝ վերուվար է անում Մարությանի խրտվիլակը: Աղեկյանը նշում էր, որ մերժում են մահվան վերելակները:

«Մենք այստեղ բերել էինք վերելակ, որն արդեն 50-ամյա կյանք ուներ, փչացած էր, նրա մեջ գրված էր, որ մերժում ենք մահվան վերելակներին և վերելակի մեջ վերև-ներքև էր բարձրանում պարոն Հայկ Մարությանի խրտվիլակը: Շատ շնորհակալ ենք կոմունալի վարչության պետին, որը 840 հազար դրամ պարգևավճար է ստանում Երևանում աղբահանությունը ձախողելու համար: Նա մեծ ուրախությամբ և պատրաստակամորեն վերելակը խրտվիլակի հետ միասին տարավ և տրամադրեց Հայկ Մարությանին, ով այս պահին ևս համարձակություն չունի և չի կարող նայել մեր աչքերի մեջ ու ասել, թե ինչու 10 ամիս շարունակ Երևանի բյուջեից ստանում է 574 հազար դրամ աշխատավարձ, բայց խեղաթյուրել է ողջ աղբահանությունը, Երևան քաղաքը կորցրել է կեղտի, աղբի մեջ, քաղաքում վերելակները վերածել է մահվան վերելակների»,- ասաց նա:

Աղեկյանը շեշտեց, որ վերելակի վերջին անկման պատճառով երկու քաղաքացիների մահվան համար մեղավոր է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Որովհետև նա հմտորեն, կոմիկավարի՝ ինչպես իրեն վայել է, իր նախընտրական հոլովակում շեշտում էր՝ «քայլ չորրորդ՝ վերանորոգելու ենք»: Ձեզ շրջայցի ենք հրավիրում, որպեսզի մեզ ցույց տաք՝ ինչ է արվել այդ 120 մլն դրամով, որը տրամադրվել էր վերելակների վերանորոգման համար: Եկեք ցույց տվեք ձեր վերանորոգած վերելակները և միասին վեր բարձրանանք կամ իջնենք այդ վերելակներով: Հուսանք, որ կենդանի կբարձրանանք կամ կիջնենք: Եթե ունեք արժանապատվություն և համարձակություն, եկեք ցույց տվեք՝ այդ 120 մլն-ը ինչպես եք ծախսել, ինչ վերելակներ եք վերանորոգել»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: