Անգլիայում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է մեքենան դիտավորյալ վրաերթի ենթարկում տղամարդու (տեսանյութ)

13:03 • 29.07.19

Մեծ Բրիտանիայի Նյուքասլ քաղաքի փողոցներից մեկում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ մեքենայի վարորդը դիտավորյալ վրաերթի է ենթարկել տղամարդուն, գրում է metro.co.uk-ը:

Համացանցում տարածված տեսանյութում երևում է այն պահը, երբ կինը հանում է կոշիկը և սկսում դրանով հարվածել Ford Focus մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն՝ փորձելով կոտրել այն:

Վայրկյաններ անց երկու տղամարդ նստում են մեքենան և սկսում անկանոն կերպով վարել այն՝ թիրախավորելով կնոջն ու նրա կողքին գտնվող տղամարդուն: Տղամարդը հետևում է մեքենային, որը, ետ ու առաջ անելով, վրաերթի է ենթարկում նրան: Վերջինս զարկվում է լապտերի սյանը:

Տեղի ոստիկանությունը փնտրում է միջադեպի մասնակիցներին: Հայտնի է, որ տղամարդուն վրաերթի ենթարկած մեքենան դեպքի վայրից փախուստի է դիմել: Միջադեպի մասնակիցներից ոչ ոք լրջորեն չի տուժել:

«Նման պահվածքը միանգամայն անընդունելի է, մենք չենք կարող հանդուրժել այն: Տեղյակ ենք, որ տեսագրությունը շրջանառվում է սոցկայքերում, ուստի խնդրում ենք հանրությանը հարգել տարվող հետաքննությունը: Մեր աշխատակիցները փորձում են գտնել միջադեպի մեղավորներին»,- ասել է ոստիկանության քննիչ Միշել Ջահանգիրին: