Հոնկոնգում հերթական հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել (լուսանկարներ)
Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ոստիկանությունը կիրակի օրը չարտոնված հակակառավարական ցույցերի մասնակիցների հետ բախումների ժամանակ 49 մարդու է բերման ենթարկել, գրում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ ցույցն ի սկզբանե համաձայնեցված է եղել իշխանությունների հետ, սակայն որոշ ժամանակ անց ցուցարարների մի մասը դուրս է եկել համաձայնեցված երթուղուց՝ արգելափակելով կենտրոնական փողոցների մի մասը և տրանսպորտի համար խոչընդոտներ ստեղծելով:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչը, սակայն, չի օգնել ամբոխը ցրելուն, և բախումները շարունակվել են: Շյոնվան շրջանի մոտակայքում ցուցարարները տարբեր առարկաներով բեռնված սայլ են այրել և այն հրել ոստիկանների ուղղությամբ:
Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծայրահեղական ցուցարարների գործողություններն ավելի ագրեսիվ են դառնում:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
Հունիսի 12-ին ակցիայի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել նրանց նկատմամբ: Եվս մեկ լայնամասշտաբ ակցիա տեղի էր ունեցել հունիսի16-ին, երբ բողոքի էր դուրս եկել շուրջ 2 մլն մարդ:
Հոնկոնգի կառավարությունը փոխզիջման էր գնացել՝ անժամկետ ընդհատելով օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, իսկ շրջանի ղեկավար Քերի Լեմը հանրայնորեն ներողություն էր խնդրել ստեղծված իրավիճակի համար: Ցուցարարները, սակայն, չէին բավարարվել՝ պահանջելով իշխանություններից լիովին հրաժարվել նախագծից՝ երկընտրանքի առաջ կանգնեցնելով իշխանություններին:






























