Ռուսաստանում մոտ 3 մլն հեկտար անտառ է այրվում. իշխանությունները միջոցներ խնայելու նպատակով չեն մարում հրդեհները. BBC (տեսանյութ)

15:16 • 29.07.19

Ռուսաստանի Սիբիրի երկրամասում անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել, կրակը «գրավել» է ավելի քան 3 մլն հեկտար տարածք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սարսափելի տարերքը մոլեգնում Է ՌԴ մոտ 10 շրջանում ՝ Իրկուտսկի և Տյումենի մարզերում, Կրասնոյարսկի, Խաբարովսկի, Պերմի և Անդրբայկալյան երկրամասերում, Յակուտիայում, Բուրյաթիայում և Յամալո-Նենեցյան ինքնավար մարզում:

Աղբյուրի տվյալներով՝ հասանելի վայրերում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավված է 2715 մարդ և 343 միավոր տեխնիկա: Մարմանը մասնակցում է նաև 28 օդանավ։

Սակայն հրդեհի հիմնական օջախը գտնվում է դժվարհասանելի վայրերում. մարման արժեքը գերազանցում է հնարավոր վնասի չափը, և կրակի դեմ պայքարն ընթանում է միայն բնակավայրերին կամ ենթակառուցվածքային օբյեկտներին սպառնալիքի դեպքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ի սկզբանե փոքր հրդեհները վերաճել են իսկական աղետի։