Իտալական քաղաքում մինչև 400 եվրո տուգանք է սահմանվել «որևէ մեկի կրոնը կամ հավատքն» անարգելու համար
Իտալական Սաոնարա քաղաքում մինչև 400 եվրո տուգանք է նախատեսվում «որևէ մեկի կրոնը կամ հավատքն» անարգելու համար, գրում է Daily Mail-ը:
Հյուսիսային Իտալիայի Սաոնարա քաղաքի պաշտոնատար անձանց խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք կխախտեն նոր օրենքը և ոչ քաղաքակիրթ վարքագիծ կդրսևորեն, կտուգանվեն մինչև 400 եվրո գումարի չափով:
«Աստվածանարգությունը վիրավորական է, այն վիրավորում է ինձ: Այս օրենքով դուք չեք կարող վիրավորել որևէ մեկի կրոնը: Մենք պետք է հարգենք հավատացյալներին»,- ասել է քաղաքապետ Ուոլթեր Ստեֆանը:
Տեղի կաթոլիկ եկեղեցու հոգևոր ծառայողն ընդգծել է, որ օրենքը մշակվել է ոչ միայն քրիստոնեությունը, այլև բոլոր դավանանքները վիրավորանքներից պաշտպանելու համար:
Նոր օրենքն ավելի լայն կանոնների փաթեթի մաս է, որոնք ուղղված են ոչ քաղաքակիրթ վարքագծի դեմ: Օրինակ՝ մարդիկ չպետք է առանց շնաթոկի քայլեն իրենց շան հետ կամ աղբը նետեն հասարակական վայրերում:
«Մենք մի շարք միջոցներ ձեռնարկեցինք, որպեսզի զսպենք բոլոր այն անքաղաքավարի գործողությունները, որոնք դժվարացնում են համատեղ գոյակցությունը»,- ասել է նա:
Սաոնարա քաղաքն ունի մոտ 10 000 բնակչություն, գտնվում է Վենետիկից մոտ 25 կմ հարավ-արևմուտք:










