Քաղցրաշենի բնակիչները բացել են գյուղ մտնող ճանապարհը

16:16 • 29.07.19

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն արդեն բացել են գյուղ մտնող ճանապարհը, որը փակել էին ի նշան բողոքի՝ կապված գյուղի մանկապարտեզի շահագործման ժամկետների հետ:

Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանն ասաց, թե համայնքի բնակիչները հասկացել են իրեն:

«Վճիռը դատարանը կայացրել է, սպասում ենք բողոքարկման ժամկետի ավարտին, որ մենք մեր աշխատանքները սկսենք: Այս ամենը համայնքի բնակիչները հասկացան»,- ասաց Գյուլամիրյանը:

Արարատի մարզպետարանի լրատվական բաժնից Tert.am–ին տեղեկացրին, որ մանկապարտեզի հետ կապված դատական գործընթաց կա, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացնող «Մոնոլիտ Կապիտալ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը լուծարել են։ Ըստ նրանց՝ շինարարական ընկերությունը խախտել է շինարարական աշխատանքներն ավարտելու ժամկետները: Երկու անգամ ժամկետները հետաձգվել են, բայց ընկերությունը 2 անգամն էլ ավարտին չի հասցրել աշխատանքները: Ընկերությունը դիմել է առաջին ատյանի դատարան, որտեղ պարտություն է կրել:

Նշենք, որ Քաղցրաշեն համայնքի բնակիչները խոստացել են կրկին փակել ճանապարհը, եթե  մինչև օգոստոսի 1-ը խնդիրը չլուծվի: Այս պահին մանկապարտեզի շինարարական աշխատանքները դադարեցված են, քանի որ սպասում են դատական գործընթացի ավարտին: