ՀԾԿՀ–ում «Անի» ԲԲԸ-ի նկատմամբ քննվող վարույթը հետաձգվեց
«Անի» ԲԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանին բացարկ ներկայացնելու միջնորդությունն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ մերժվեց։
Մինչ այդ ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Հարությունյանը պնդեց, թե Սեդա Շահինյանը՝ որպես վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձ և/կամ որպես կոլեգիալ կազմի անդամ, մինչև գործի քննարկման ավարտը հրապարակային արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին և փաստական հանգամանքի վերաբերյալ լրացուցիչ գնահատական տվել։
Սեդա Շահինյանը պարզաբանեց, որ բացարկի համար լիարժեքորեն բացակայում են հիմքերը և իր կարծիքը չի կարող համարվել գործի ելքի վերաբերյալ կանխակալ մոտեցում, քանի որ որոշման նախագծի հիմքում արդեն իսկ կա նույն հիմնավորումը։
Հանձնաժողովը քվեարկեց միջնորդությունը և մերժեց այն։
«Անի» ԲԲԸ-ի կողմից երկրորդ միջնորդությունը ներկայացվեց և առաջարկվեց վարչական մարմնի համար պարզություն ներկայացնելու համար դիմել համապատասխան մարմնին՝ պարզելու, թե ի վերջո սեփականության գույքակազմում արդյոք առկա է հիշյալ պատվարը և ում է պատկանում՝ պետությա՞նը, թե ընկերությանը։
«Քանի որ մենք գտնում ենք, որ գործում ապացույցները չեն կարող հիմք հանդիսանալ որոշման համար, թե ում սեփականությունն է պատվարը, միջնորդում ենք հետաձգել վարչական վարույթի քննումը և դիմել Անշարժ գույքի պետական կոմիտե՝ ստանալու նշյալ գույքի վերաբերյալ տեղեկությունը»,-ասաց նա։
Նշենք, որ ՀԾԿՀ նիստի օրակարգում քննարկվում է «Անի» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ 1 մլն դրամի չափով տուգանք կիրառելու և ՀԷՑ-ին պատճառած 400 միլիոն դրամ վնասը վճարելու որոշումը։ Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ՀԾԿՀ-ն ուղղորդվածություն ունի՝ ի վնաս ընկերության։
Նշենք, որ ՀԾԿՀ-ն «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ էր կատարել և հիմնավորել, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշման համաձայն՝ «Անի» ընկերությանն է փոխանցվել «Գեաձև ջրանցք ջրաչափական դիտակետով», իսկ պատվարը, ինչպես նաև ջրանցքի գլխամասային հիմնական 5 կառուցվածքները չեն փոխանցվել ընկերությանը և պետական սեփականություն է։ Մինչդեռ ընկերությունն այն օգտագործել է, որն էլէներգիայի սակագնի փոփոխության հարցում դեր է ունեցել։ Իսկ ՍՊԸ-ից նշում են, որ հիշյալ հիդրոկառույցներն անհրաժեշտ չեն կայանի շահագործման համար։
ՍԵդա Շահինյանը նշեց, որ նիստի ընթացքում բազմիցս հիմնավորվում է, որ կադաստրային փաստաթղթերում ներառում է պատվարի նկատմամբ իրավունքը, այն է, որ պատվարի նկատմամբ ընկերությունը չունի սեփականության իրավունք։
Միաժամանակ նա նշեց, թե քանի որ ընկերության ներկայացուցիչները հակառակ պնդում են անում, կարող է նման անհրաժեշտություն առաջանալ՝ դիմել կադաստրին և պարզել, թե արդյոք ընկերության կողմից հանձնաժողով ներկայացված կադաստրային փաստաթղթերը ներառում են պատվար, թե ոչ, այսինքն՝ պատվարը ընկերությանը պատկանում է , թե ոչ, եթե ընկերությանը չէ, ապա ում է պատկանում։
Նիստը վարող ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց նիստը հետաձգելու մասին․ «Վարույթին կանդրադառնանք 30 օրվա ընթացքում՝ ունենալով Անշարժ գույքի պետական կադաստրի որոշումը»,-ասաց նա։










