Փորձագիտական խումբը միայն այցելել է Մանվել Գրիգորյանին, եզրակացություն դեռևս չի տրվել. պաշտպան (տեսանյութ)

15:23 • 30.07.19

Եզրակացություն դեռևս չի տրվել, փորձագիտական խումբը միայն այցելել է Մանվել Գրիգորյանին: Քանի որ մենք ներկայացրել ենք հետազոտությունները հավաստող փաստաթղթեր, որոշակի առումով հանձնաժողովի աշխատանքի ծավալը մեծացել է, ուստի դեռ վաղ է եզրակացություն պահանջելը կամ խոսելը դանդաղկոտության մասին: Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ այսօր դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բժիշկներն ինչ եզրակացություն են տվել հուլիսի 25-ին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին այցելելուց հետո:

«Առանց փորձաքննության նշանակելու էլ ակնհայտ է, որ մեր պաշտպանյալը գտնվում է տարբերակված մոտեցման ներքո, և բոլոր այն մեղադրյալները, որոնք գտնվել են տվյալ վիճակում, առանց փորձաքննությունների, այլընտրանքային խափանման միջոցների, ազատ են արձակվել: Եթե համեմատություն անցկացնենք, ապա ես նախադեպը չգիտեմ, նույնիսկ զուգահեռներ չկան, այս քանակի ու չափի ծանր հիվանդություններ ունեցողի համար մի բան էլ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել՝ փորձաքննություն են նշանակել: Այս ընթացքում էլ ավելի է վատանում մեր պաշտպանյալի առողջությունը»,-ասաց Մկրտչյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հանձնաժողովի բժիշկները այսօր չներկայացան դատական նիստին, պաշտպանը պատասխանեց՝ եղան տեխնիկական խնդիրներ. «Որքան ես տեղեկացված եմ, մեկին դատավարությունը թույլ չի տվել, որ ներկայանա... դե մենք սովոր ենք այս գործով խոչընդոտների հանդիպել, մյուս փորձագետին ասել են՝ թող դատարանը քեզ կանչի, դատարանը գրություն կուղարկի, քեզ կթողենք: Մյուսը, իմ տեղեկություններով, արձակուրդում է: Ինչ վերաբերում է Ֆրանսիայից ժամանող փորձագետին, նա Ֆրանսիայում էլ չէ, նրա գալը կհետաձգվի»:

Դիտարկմանը՝ մեղադրող կողմը նշում է, որ բուժման նպատակով արտերկիր մեկնելու պարագայում հնարավորություն կա, որ Մանվել Գրիգորյանն այլևս չի վերադառնա Հայաստան, Մկրտչյանը պատասխանեց՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ հերոսը, բազմանդամ ընտանիքի հայրը ամեն ինչ թողնի, թողնի այն հողը, որն ազատագրել է, գնա Ֆրանսիա ու չվերադառնա:

Մեկ այլ դիտարկմանը, թե կա խոսակցության վերծանություն, որտեղ Մանվել Գրիգորյանը որդուն ասում է, որ իրենց աշխատակիցներից մեկը պետք է իր վրա վերցնի ամբողջ մեղքը, Մկրտչյանն ասաց՝ նման խոսակցություն եղել է, սակայն խոսակցության իմաստը եղել է այն, որ Մանվել Գրիգորյանի ընկալմամբ այն ժամանակ ու հիմա էլ այդ մարդն է այդ տարածքի պատասխանատուն և պետք է գա ու պատասխան տա. «Չի կարող պատասխան տա մի մարդ, ում վստահության տակ չի եղել այդ տարածքը, չի կարող զենքի համար պատասխանատվություն կրի մի մարդ, ում հետ այդ զենքերը որևէ առնչություն չունեն»: