Ուկրաինան կալանավորել է ռուսական լցանավը
Ուկրաինական դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է Nika Spirit ռուսական լցանավը՝ խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերով հանդերձ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի գլխավոր ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը:
«Մենք դա արեցինք, վերջակետ», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Միևնույն ժամանակ Մատիոսն ընդգծել է, որ ուկրաինական դատարանը ստուգել է զինվորական դատախազների և Ուկրաինայի Անվտանգության ծառայության քննիչների գործողությունների օրինականությունը, ինչպես նաև նրանց կողմից օրենքի պահանջների կատարումը հուլիսի 25-ին ռուսական լցանավի խուզարկության ժամանակ:
Պաշտոնյան ընդգծել է, որ ուկրաինական օրենսդրությունը չի նախատեսում հյուպատոսի կամ դիվանագիտական հաստատության ներկայացուցչի թույլտվության կամ համաձայնության ստացում Ուկրաինայի տարածքում ծովային կամ գետային տրանսպորտի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելու համար:










