«Ես ոչ մեկից չեմ պատրաստվում թաքնվել, քանի որ դա մեծ նվեր կլինի Պուտինին».Պյոտր Պորոշենկո
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե նույնիսկ իրեն զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, նա չի «թաքնվի», քանի որ դա «մեծ նվեր» կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, գրում է ria.ru-ն:
«Ես ամաչելու ոչինչ չունեմ: Չկա ոչ մի փաստ, որի համար ես պետք է անհանգստանամ: Ես ոչ մեկից չեմ պատրաստվում թաքնվել, քանի որ դա մեծ նվեր կլինի Պուտինին: Իրականում, իմ հակառակորդը (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկին չէ: Իմ հակառակորդը Պուտինն է»,- ասել է Պորոշենկոն «Ուկրաինսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Անդրեյ Պորտնովը հետաքննության պետական բյուրո էր ներկայացրել հայտարարություն, որում Պորոշենկոյին մեղադրել էր «Кузница на Рыбальском» գործարանի վաճառքի եկամուտները թաքցնելու մեջ։
Նրա խոսքով՝ Պորոշենկոն օրինականացրել է 300 մլն դոլար եկամուտ օֆշորային ընկերությունների միջոցով՝ գոյություն չունեցող գործարք կնքելով Ուկրաինական բանակից իբր գողացված միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ, պետական բյուրոն 11 քրեական գործ է քննում Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան անձանց դեմ:










