Եկատերինբուրգի օդակայանում ուղևորը նստել է ուղեբեռ տեղափոխող ժապավենին ու հայտնվել բեռների սրահում
Ոստիկանության աշխատակիցները վարչական գործ են հարուցել տղամարդու նկատմամբ, որը Եկատերինբուրգի «Կոլցովո» օդակայանում բարձրացել է ուղեբեռի փոխարկիչ ժապավենի վրա և հայտնվել բեռների համար նախատեսված բաժնում, որպեսզի ճամպրուկը ստանալու համար հերթ չկանգնի:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տրանսպորտի հարցերով վարչությանը, միջադեպը տեղի է ունեցել ուղևորի հետ, որը Եկատերինբուրգ է ժամանել Խաբարովսկից:
Հյուսիսային Ուրալի մայրաքաղաքի 65-ամյա բնակիչը ժամանել էր հուլիսի 29-ին: Ուղեբեռի հանձնման գոտում չցանկանալով հերթ կանգնել իր իրերը ստանալու համար՝ տղամարդը նստել է շրջանաձև փոխարկիչ ժապավենի վրա և անցել համապատասխան բաժին՝ հույս ունենալով հնարավորինս շուտ ստանալ իր ճամպրուկները:
Նշվում է, որ ծառայողական տարածքում նրան նկատել է ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը, որը կանչել է ոստիկաններին: Վերջինները տղամարդուն վարչական պատասխանատվության են ենթարկել՝ առանց թույլտվության օդանավակայանի անթույլատրելի տարածք անցնելու համար:










