Սուդանի պաշտոնանկ արված նախագահին թույլատրել են ժամանակավորապես դուրս գալ բանտից՝ մասնակցելու մոր հուղարկավորությանը. լրատվամիջոցներ
Սուդանի իշխանությունները ժամանակավորապես ազատ են արձակել պաշտոնանկ արված նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին, որպեսզի վերջինս կարողանա ներկա լինել մոր հուղարկավորությանը, որը մահացել է երկուշաբթի, գրում է Al Saudi News պարբերականը՝ աղբյուրին հղումով:
Պարբերական տվյալներով՝ Ալ Բաշիրը բանտից դուրս է եկել պաշտպանության նախկին նախարարի ուղեկցությամբ: Հոգեհանգստյան աղոթքի վայրում բազմաթիվ ոստիակններ են տեղակայվել: Ականատեսների խոսքով՝ երկրի նախկին ղեկավարը գերեզմանատանը շրջապատված է եղել անվտանգության աշխատակիցներով:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Սուդանում 4 ամիս շարունակվող բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, որի ժամանակ երկիրը 30 տարի կառավարած Օմար Ալ Բաշիրը հեռացվել էր պաշտոնից և բանտարկվել:
Նոր կառավարությունը ղեկավարել էր անցումային ռազմական խորհուրդը, որն առաջիկա 2 տարիների ընթացքում ընտրություններ անցկացնելու խոստում էր տվել, սակայն քաղաքացիները հիմա էլ նրանց դեմ են բողոքում՝ պահանջելով անմիջապես քաղաքացիական կառավարություն ձևավորել:










