Հալեպի՝ մարտերի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավիրված շրջանում մետաղագործական գործարան է բացվել
Սիրիայի խոշորագույն Հալեպ քաղաքի Շեյխ Նաջար արդյունաբերական շրջանում, որը գրեթե ամբողջովին ավիրվել էր մարտերի հետևանքով, մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող գործարան է բացվել, գրում է РИА Новости-ն:
«Կատարժի» ընկերությանը պատկանող գործարանը քաղաքի ազատագրումից ի վեր տվյալ շրջանում առաջինն է: Այն կառուցվել է զրոյից: Սկզբում գործարանում 15 մարդ է աշխատել, արտադրողականությունը ամսական 20 տոննա է եղել: Այժմ գործարանի աշխատակիցների թիվը 250-ի է հասցվել, իսկ արտադրողականությունը՝ ամսական 200 տոննայի:
«Կատարժի» ընկերության գլխավոր տեխնոլոգ Սալլահ Բիթարը հայտնել է լրագրողներին, որ ղեկավարության առաջնահերթություններից է փախստականներին երկիր վերադարձնելը, ընդ որում՝ կադրերի պատրաստման ծրագիրն այնքան արդյունավետ է եղել, որ ընկերությունը որոշել է ներգրավել նաև այլ մասնագիտություններ ունեցող աշխատակիցների:
Հիշեցնենք, որ Հալեպն ազատագրվել էր 2016թ.-ին: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ.-ից: 2017թ.-ի ավարտին հայտարարվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին:










