Պատագոնիայի չիլիական հատվածում 40 000 լիտր նավթ է օվկիանոս թափվել

14:55 • 30.07.19

Հարավային Ամերիկայի հարավային հատվածում գտնվող Պատագոնիա բնամարզի չիլիական հատվածի կղզիներից մեկի ափերի մոտ 40 000 լիտր նավթ է թափվել օվկիանոս, հաղորդում  է CNN-ը:

Միջադեպի մասին Չիլիի ռազմածովային ուժերին հայտնել է կղզում հանքարդյունաբերությամբ զբաղվող CAP ընկերությունը: Երկրի ռազմածովային ուժերը նավթի արտահոսքը վերահսկելու նպատակով մի քանի ջոկատ են տեղակայել:

Greenpeace Միջազգային բնապահպանական կազմակերպության չիլիական մասնաճյուղը զգուշացրել է, որ արտահոսքը, որի պատճառն առայժմ հայտնի չէ, կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

«Պետք է հաշվի առնել, որ բնությունն այստեղ կուսական է, իսկ վթարի վայր մուտք գործելը՝ շատ դժվար: Այդ տարածքում մեծ քանակությամբ ծովային կաթնասուններ են բնակվում, որոնց առողջությունը կարող է լրջորեն վտանգվել, երբ դրանք շնչելու համար ջրի մակերևույթ բարձրանան»,- ասել է մասնաճյուղի տնօրեն Մատիաս Ասունը: