ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչությունում, նաև ընդունել է քաղաքացու (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, խորհրդակցության ընթացքում ՔԿ նախագահը հանձնարարություն է տվել՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:
«Շարունակեք աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ: Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ»,- ասել է ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանն ընդգծել է, որ քննիչի տեսական գիտելիքների կատարելագործումը առաջնային խնդիր է. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի: Իրավաբանը հարուստ է իր գիտելիքներով»,- ասել է ՔԿ նախագահը:
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահն նաև ընդունել է գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող Շիրակի մարզի բնակչուհուն:
ՔԿ նախագահը վստահեցրել է, որ նախաքննության ընթացքում, իր անմիջական վերահսկողությամբ, կձեռնարկվեն անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Քաղաքացին շնորհակալություն է հայտնել Հայկ Գրիգորյանին՝ սրտացավ վերաբերմունքի և բարեխիղճ աշխատանքի համար:













