ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպման համար մեղադրվող բանտարկյալը պատրաստ է վկայություն տալ Սաուդյան Արաբիայի դեմ. Wall Street Journal
ԱՄՆ-ում 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկը՝ Խալիդ Շեյխ Մոհամեդը հայտարարել է դատարանի առաջ Սաուդյան Արաբիայի դեմ վկայութուն տալու պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ի իշխանությունները նրա համար մահապատիժ չպահանջեն: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Ավելի վաղ ահաբեկչության զոհերի հարազատները Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեմ համատեղ հայց էին ներկայացրել, որում այդ երկրին մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ֆինանսական և այլ տեսակի աջակցություն ցուցաբերելու համար:
Հայցը ներկայացվել է 800 մարդու կողմից՝ արաբական երկրի կառավարությունից փոխհատուցում ստանալու նպատակով: Ավելի ուշ ԱՄՆ ավելի քան 2 տասնյան կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի և այն ընկերությունների դեմ, որոնք կապ ունեն Ուսամա բեն Լադենի ընտանիքի հետ:
Մոհամեդի առաջարկը ներառվել է ահաբեկչության զոհերի՝ դատարանին ուղղված նամակի տեքստում: Մոհամեդը, որը ներկայումս պահվում է ամերիկայի բանտերից մեկում, պատրաստ է վկայություն տալ, սակայն հնարավոր մահապատժի բացառման դեպքում ավելի լայն համագործակցության հնարավորություն կլինի:
Սաուդյան Արաբիան ներկայացնող փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններից:
Մի քանի տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսն օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հետնորդներին դատական հայց ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ, քանի որ ահաբեկչության մեղավորների ու կազմակերպիչների մեծ մասն այդ երկրի քաղաքացի է եղել:
Նախկին նախագահ Բարաք Օբաման վետո էր դրել օրենքի նախագծի վրա, սակայն Սենատին հաջողվել էր շրջանցել վետոն, ինչն Օբամայի նախագահության օրոք առաջին նման դեպքն էր:
2001թ.-ի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները մարդատար ինքնաթիռով ոչնչացրել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքերը, որոնք տեղակայված էին Նյու Յորք քաղաքում: Մեկ այլ ինքնաթիռ ոչնչացրել էր մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Պենտագոնի շենքը:
19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել է: Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։










