Թեհրանի նախկին քաղաքապետը մահապատժի է դատապարտվել

16:29 • 30.07.19

Թեհրանի նախկին քաղաքապետ և Իրանի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին կնոջ սպանության համար մահվան է դատապարտվել, գրում է Mehr գործակալությունը՝ դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին հղումով:

Նաջաֆին մեղավոր է ճանաչվել անցած տարվա մայիսին Թեհրանի հյուսիսում՝ էլիտար թաղամասերից մեկի բնակելի շենքում կնոջը սպանելու համար: Նա ինքն էր հանձնվել իրավապահ մարմիններին և խոստովանել հանցանքը՝ հայտարարելով, որ այն կատարել է ընտանեկան խնդիրների հողի վրա:

Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017թ.-ի օգոստոսից մինչև 2018թ.-ի ապրիլը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա եղել է նաև Իրանի կրթության նախարարի պաշտոնում: