Չեչեն դեռահասը 46 րոպե տևողությամբ եթերում արտասվելով ներողություն է խնդրել իշխանություններին քննադատելու համար (տեսանյութ)

16:23 • 31.07.19

Չեչնիայի «Գրոզնի» պետական հեռուստառադիոընկերությունը տեսանյութ է  հրապարակել չեչեն դեռահասի մասին, որը արտասվելով ներողություն է խնդրում Instagram-ում հանրապետության իշխանություններին քննադատելու համար: Հաղորդումը տեղադրվել է հուլիսի 26-ին:

«Ծայրահեղ մեկնաբանություն և դրա հետևանքները» վերնագրով տեսանյութը նվիրված է 16-ամյա Մոգամեդ Ախմատովի մեկնաբանություններին, որոնցում Չեչնիայի բնակիչը ծաղրել է Ռամզան Կադիրովի անվան բարեգործական հիմնադրամի գործունեությունը և «շայկա» է անվանել Ռուսաստանի նախագահի շրջապատը:

Տեսանյութում տղան ներողություն է խնդրում Չենչնիայի իշխանություններից, իսկ հետո լսում է Չեչնիայի գլխավոր մուֆթի Սալահ Մեժիևի կշտամբանքները: Նա երբեմն ընդհատում է երկար ելույթը և մեջբերումներ կարդում՝ տպագրված երիտասարդի մեկնաբանություններից:

Չեչենական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել նաև տղայի մայրը, որը ևս երեք երեխա է դաստիարակում: Բացի նրանից, դեպքը մեկնաբանել է նաև Ախմատովի հորեղբայրը, որը հեռուստալրագրողների խոսքով՝ «գիտակցում է, որ եղբորորդու արարքի համար պետք է պատասխանել բոլոր չեչենական օրենքներով»:

Տեսանյութի վերջում ցուցադրվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի զրույցը Չեչնիայի կառավարության նախարար Ջամբուլատ Ումարովի հետ: Դրանում Կադիրովը պնդում է, որ «երիտասարդության շրջանում ծայրահեղականության կանխարգելումը» հանրապետության ղեկավարության աշխատանքի ամենագլխավոր ուղղություններից մեկն է: