Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ Կալավանում է. նա հարցեր է տալիս տեղի բնակչին (ուղիղ)

17:47 • 31.07.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Կալանավան գյուղ: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարցեր է տալիս գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին, ով պատմում է գյուղի զարգացման, հյուրատներ կառուցելու մասին:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց պատմել, թե ինչով է տարբերվում Կալավանը:

«Մի խումբ մարդիկ կարող են բնության հետ ներդաշնակ լինել, միավորվել ու զարգացնել գյուղը: Մենք միշտ գովում ենք մեր անցյալը, մոռանում ենք, որ նույն մարդկանց սերունդն ենք, մենք էլ ենք հետաքրքիր: Գյուղացին, մարդը ամենամեծ արժեքն է»,- ասաց Ղուկասյանը:

Նա պատմեց. «Կառուցել ենք 10 հյուրատուն, անտառային խոհանոց, սպասում ենք զբոսաշրջիկներին: Հյուրատներ ունեինք, առաջինը բացվեց 2013թ.-ին՝ իմ տան երկրորդ հարկում: Վարկ վերցրեցի՝ 1 մլն 200 հազար դրամ, վերանորոգեցի ու տունս դարձավ հյուրատուն»:

Ռոբերտ Ղուկասյանը փորձեց զարմացնել վարչապետին, միացրեց վինիլային հին նվագարկիչ, ինչին արձագանքեց Փաշինյանի դուստրը:

Գյուղաբնակը պատմեց, որ կալավանցի երեխաները ֆեյսբուքյան էջ են բացել՝ «Արշավներ Կալավանում», գյուղը դարձել է հետաքրքիր: Ըստ նրա՝ զբոսաշրջիկները հետաքրքված են Կալավանով, իրենք աշխատում են տուրիստներին բերելու ուղությամբ, իսկ գյուղացիներն էլ արշավներ են կազմակերպում սարերով ու վաստակում 6000 դրամ յուրաքանչյուր զբոսանքից: