ԱՄՆ-ում 79-ամյա կնոջն ազատազրկում է սպառնում՝ անօթևան կատուներին կերակրելու համար

19:48 • 31.07.19

Օհայո նահանգի Գարֆիլդ Հայթս քաղաքի 79-ամյա բնակչուհի Նենսի Սեգուլային ազատազրկում է սպառնում՝ անօթևան կատուներին կերակրելու համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Կնոջ խոսքով՝ կենդանիներին սկսել է կերակրել մի քանի տարի առաջ, երբ հարևանը հեռացել և անտուն է թողել իր կատուներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գարֆիլդ Հայթսում անօթևան շներին կամ կատուներին կերակրելն օրենքով պատժելի արարք է համարվում:

Կատուների սիրահարի խոսքով՝  հարևանների բողոքներից և կենդանիների տեսուչ հրավիրելուց հետո, 2017 թվականին դատարան ներկայանալու ծանուցում է ստացել: Սակայն քաղաքային իրավունքի գծով տնօրեն Թիմ Ռայլին առարկում է կնոջ խոսքը՝ ասելով, որ կինը դատարան ներկայանալու ծանուցումներ սկսել է ստանալ դեռևս 2015 թվականից և վերջին չորս տարում ավելի քան 4 ծանուցում է ստացել:

Դատարանում կնոջը կարգադրել են այլևս չկերակրել անօթևան կենդանիներին, սակայն այդ պահանջը կենդանասեր կինն անտեսել է:

Վերջերս զգալի բողոքների արդյունքում կինը ևս մեկ ծանուցում է ստացել, իսկ 22 կատուները հեռացվել են Սեգուլայի տնից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ դատարանը վճռական է տրամադրված՝ կնոջը դատապարտելու հարցում: Կնոջ գործով դատական լսումները նախատեսված են առաջիկա շաբաթների ընթացքում: