ՌԴ-ից ընկերս օգնելու է ներդրումների հարցում, քարուքանդ տարածքում արագ սննդի կետ ենք կառուցելու. Ռուստամ Գասպարյանը՝ Արմավիրի ավտոկայանում տարածք վարձակալելու մասին

11:23 • 31.07.19

Ո՛չ ԵԿՄ-ն, ո՛չ Սասուն Միքայելյանը, ո՛չ էլ ՔՊ-ն տարածքը վարձակալելու հարցում ազդեցություն չեն ունեցել, ես դիմել եմ ներդրումային ծրագիր իրականացնելու համար, մրցույթի  խնդիր էլ չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ  նախկին պատգմավոր, ԵԿՄ  վարչության անդամ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ  Գասպարյանը՝ անդրադառնալով «Իրավունքի»-ի հրապարակմանը, թե «Հայավտոկայարան ՓԲԸ» տնօրինությունը ընդամե­նը մի քանի օր առաջ 300 հազար դրամ վարձավճարի դիմաց Արմավիրի ավտոկայարանի տա­րածքի մի զգալի մասը հատկաց­րել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին այն շահագործելու նպատակով։

«Չեմ հասկանում՝ ինչ կա այդտեղ, որ աղմուկ եք բարձրացրել: Քարուքանդ շինություն է, ներդրում ենք անելու, դիմել եմ ՌԴ-ից իմ ընկերոջը, որ այդ հարցում օգնի: Արագ սննդի կետ է լինելու՝ սրճարանի նման, տարածքում նաև ավտոկայանի համար դիսպետչերական կետ է լինելու, տնօրենի աշխատասենյակ: Տարածքի համար վարձավճար եմ տալու, ինչո՞ւ են  դարձրել Ղարաբաղի հարցը, պատվե՞ր է՝ չեմ հասկանում»,-նշեց ազատամարտիկը՝ հավելով, որ տևական ժամանակ է կիսաքանդ շինությունով հետաքրքրվող չի եղել:

Ռուստամ Գասպարյանը ընդգծեց, որ ինքը ոչ մեկի հովանավորությունից չի օգտվել ո՛չ այս, ո՛չ էլ նախակին իշխանությունների ժամանակ:

«Ես ես եմ , ինձ նոր չգիտեն, զբաղված եմ իմ գործերով, գիտեք ՝ 2016 թ-ի ապրիլյան պատերազմից հետ կրկին գումարտակ  ստեղծեցինք՝ «Սև հովազ», պայմանագրային ծառայություն են իրականացնում Թալիշում, Մարտակերտում: Երբեք ոչ դղյակներ եմ ունեցել, ոչ միլիոններ, այս գործն էլ դեռ չենք սկսել: Ի՞նչ են ուզում, տարածքը մնա քարուքա՞նդ»,-ընդգծեց նա:

Ռուստամ Գասպարյանը վստահեցրեց, որ տարածքը դեռևս իրենց կողմից չի շահագործվում: