Տարիներով ահռելի գումարներ են ծախսվել, բայց ծրագրային բյուջեի ցուցանիշների պլանավորումը շարունակում է ձևական մնալ. «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»

12:59 • 31.07.19

ՀՀ արդարադատության նախարարության 2019 թ. առաջին եռամսյակի և 2020 թ. պետական բյուջեի նախագծի արդյունքային ցուցանիշների վերլուծության տվյալները դիտարկելով՝ համոզվեցինք, որ ինչպես փետրվարի 26-ին կանխատեսել էինք, այս ցուցանիշները սխալ են պլանավորված. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հիշեցնելով, որ 2019-ին անցել ենք ծրագրային բյուջետավորման:

Հոկտանյանը թվարկեց հիմնական խնդիրները:

«Կարող ենք ամենայն պատասխանատվությամբ ասել, որ սա, լինելով ձևով ծրագրային, բովանդակությամբ ծրագրային չէ»,-ասաց նա և նշեց, որ վերլուծությունների հիման վրա արձանագրված ցուցանիշների տարբերություններն արդեն ասում են, որ ձևական է եղել նաև ցուցանիշների պլանավորումը:

«Երրորդ խնդիրը, որ 2020-ի նախագծում տեսնում ենք՝ չունենք հիմնավորում, թե հանրությանը ինչով է դա օգուտ տալիս, ինչ լրացուցիչ արժեք է ստանում հանրությունն այս ծառայություններից: Ուղղակի հին մտայնությամբ շարունակվում է այն մոտեցումը, որ կա այսքան աշխատող, այսքան  դատապարտյալ, ամեն դատապարտյալի այսքան գումար, ամեն աշխատողին այսքան աշխատավարձ, գումարում են, ստանում գումար, հետո հաշվում են, թե  ինչքան հարկային, մաքսային մուտքեր կլինեն, այսինքն՝ այն ինչ տարիներով եղել է»,-ասաց նա:

Հոկտանյանը նշեց, որ երբ դիտարկում է այն երկրները, որոնք ևս անցել են ծրագրային բյուջետավորման, ինչպես օրինակ հարևան Վրաստանը և այլ երկրներ, տեսնում են, որ նրանց  մոտ էլ հեշտությամբ չի մտել ծրագրային բյուջետավորման գաղափարախոսությունը. «Եթե տարիներով չի եղել, հեշտ չի լինի այն, ինչ ուզում ենք, որ իսկապես գաղափարախոսությամբ լինի»:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը նշեց, որ դոնորները բավական մեծ գումարներ են տրվել, տարիներով ահռելի գումարներ են ծախսվել, որպեսզի ունենանք ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ ծրագրային բյուջե. «Բայց տեսնում ենք դասերը լավ չեն սերտվել:

Մեր նպատակն է, որ չփոշիանա այդ գումարը: Եթե մենք չունենք հարուստ բյուջե, պետք է խնամքով ծախսենք ամեն կոպեկը, և շատ երկրների օրինակը ցույց է տվել՝ մասնավորապես սկանդինավյան երկրների, որ ճգնաժամային վիճակներում կարևոր է նման մոտեցումը, որ չստացվի, թե ամեն ինչ արվեց «դլյա գալոչկի» (для галочки), սա պետք է իսկապես դառնա նորմ: Այն կլասիկ միտքը, որ թղթերով ամեն ինչ նորմալ է, դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է»:

Հոկտանյանը նշեց, որ իրենց վերլուծությունը պաշտոնական վիճակագրություն չէ, և այն  ներկայացնելու հիմնական մարմինը ԱԺ-ն է, որին կուղարկեն և կքննարկեն, թե ինչ է հնարավոր անել:  

Հանրային ֆինանսների քաղաքականության գծով փորձագետ Սարգիս Նասիբյանը հաստատեց, որ եռամսյակի ծախսերը ցույց տվեցին, որ փորձ է արվել տեղավորվել ծրագրային բյուջետավորման սահմանված ձևաչափի մեջ, ինչը մեծ հաշվով չի ստացվել:

«Կան ցուցանիշներ ծրագրային միջոցառումներում, որտեղ հիմնականում արտահայտում են քանակական ցուցանիշներ, որոնք ամբողջովին չեն կարող նկարագրել տվյալ միջոցառումը: Բնականաբար առաջին եռամսյակային հաշվետվությունից երևում է, որ ցուցանիշերից բավական շեղված են, իսկ իրենց բացատրություններում երևում է, որ հնարավոր չէր եղել կանխատեսել դիմող մարդկանց քանակը»,-ասաց նա և օրինակ բերեց անձնական տվյալների պաշտպանության ծրագիրը, երբ բյուջեն մշակողները պլանավորել են, որ կլինի 30 դիմում, բայց փաստացի եղել է 7-ը:

Նա շարունակեց, որ ՔՀԿ-ներում համաներում է եղել, երբ դատապարտյալների թիվը 4000 է եղել նշված, մինչդեռ 2019-ի համար այդ թիվը պետք է քիչ լինել, քանի որ համաներմամբ նրանց թիվը բավական նվազել է. «Բայց Արդարադատության նախարարությունը 2019-ի համար գրել է կրկին 4000 թիվը, ինչը նախկինում էր: Արդեն իսկ պետք է պլանավորել ավելի փոքր թիվ»:

Մյուս ծրագիրը վերաբերում էր կալանավայրում պահվող ազատազրկվածներին դեղորայքով ապահովմանը: Սարգիս Նասիբյանն ասաց, որ պլանավորված է եղել տարեկան 3900 անուն դեղ, ինչը անհասկանալի ցուցանիշ է, բայց փաստացի 0 է եղել և դա բացատրվել է դեղերի ձեռքբերման բացակայությամբ.«Սա սխալ ծրագրավորման արդյունք է»:

Նասիբյանը խոսեց նաև 2020 թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշների վերլուծության արդյունքներից և նշեց, որ դրանք շատ չեն տարբերվում 19-ի ցուցանիշներից:

«Անձնական տվյալների պաշտպանության միջոցառման իրականացմանը վերաբերող ցուցանիշներում ներկայացված են միայն քանակական ցուցանիշներ, օրինակ՝ դիմումների ընդունում, խորհրդատվությունների քանակ, կարիքների նախապատրաստում, որոնք հնարավոր չէ հստակ կանխատեսել և որը երևաց 19-ի հաշվետվությունից: Կարող են լինել այնպիսի ցուցանիշներ, որոնք կարող են բնութագրել տվյալ միջոցառումը, օրինակ՝ թե քանի վարույթ է բողոքարկվել, որքան են դժգոհ կամ կրկնակի խորհրդատվությունների թիվը նույն հարցի վերաբերյալ ինչքա՞ն է, այսինքն՝ բավարարվա՞ծ են գնացել»,-ասաց նա: