Թրամփը սկսել է Սպիտակ տան՝ չորսմետրանոց պարսպի կառուցման աշխատանքները

17:27 • 31.07.19

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը սկսել է պատի կառուցումը ոչ միայն Մեքսիկայի հետ սահմանին, այլև Վաշինգտոնի սեփական նստավայրի՝ Սպիտակ տան շուրջ: Փենսիլվանիա ավենյուի երկայնքով  ցանկապատի հատվածը, որտեղից զբոսաշրջիկների առջև բացվում էր ամենաճանաչված ու սիրված վայրերից մեկի տեսարանը, փակել են սպիտակ ամուր շինարարական պատնեշով: 

Պատնեշի վրա առկա են նախագծի որոշ մանրամասներ, ինչպես նաև նախորդ դարաշրջաններում Սպիտակ տան արխիվային պատկերները:

Ազգային պարկի ծառայության կայքում ներկայացված պլանների համաձայն՝ մոտ 2 մետր բարձրությամբ ներկայիս պարիսպը պետք է փոխարինվի երկու անգամ ավելի բարձր պարիսպով։  Մոտ 4 մետր բարձրությամբ նոր պատնեշը կկառուցվի խախտողների հայտնաբերման տեխնոլոգիաների կիրառմամբ և այնպես, որ դրա վրա գրեթե անհնար լինի բարձրանալ: