ԱՄՆ-ում հայտնել են Ուսամա բեն Լադենի որդու մահվան մասին

23:18 • 31.07.19

Միացյալ Նահանգները հետախուզական տեղեկություններ են ստացել «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդի և ժառանգորդ Համզա բեն Լադենի մահվան մասին: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երեք ներկայացուցչի:

Ինչպես աղբյուրը նշում է, պաշտոնյաները հավելյալ տեղեկություն չեն տրամադրել նրա մահվան վայրի, հանգամանքների կամ ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին:

ԱՄՆ-ն ավելի վաղ մինչև մեկ մլն դոլարի պարգևավճար էր խոստացել Համզայի մասին տեղեկության համար: Նրա դեմ գործում են ԱՄՆ պատժամիջոցները: Պետքարտուղարության տվյալներով՝ նա պաշտոնապես գրանցված է «Ալ-Քաիդայի» շարքերում և հանդես է գալիս արևմտյան երկրների մայրաքաղաքների դեմ հարձակումներ իրականացնելու կոչերով:

Այս տարվա գարնանը ԱՄՆ Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության բյուրոն հայտնել էր, որ Համզան կարող է թաքնվելիս լինել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին կամ Իրանում: