Խաղաղօվկիանոսյան հեռավոր կուսական կղզին 18 տոննա պլաստմասե աղբով է լցվել (լուսանկարներ)

14:51 • 31.07.19

Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի և Պերու միջև գտնվող Հենդերսոն անմարդաբանակ կորալային օղակակղզում 18 տոննա պլաստմասե աղբ է կուտակվել, գրում է Daily Mail-ը:

Հեռավոր կղզին, որն իր մեկուսի դիրքի շնորհիվ կուսական էր մնացել և որի ափերը ողողված էին օվկիանոսի մաքուր ջրերով, այժմ դարձել է մարդու կենսագործունեության պատճառով աշխարհում ամենաաղտոտված վայրերից մեկը:

Կղզին 1988թ.-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում իր բիոբազմազանության և կուսական ավազե լողափերի համար:

Գիտնականների խոսքով՝ օվկիանոսի ալիքներն այնտեղ օրական 3500 կտոր պլաստմասսա են քշում, և որ դրա դեմ շատ բան հնարավոր չէ անել:

«Մենք կղզու վրա որտեղից ասես աղբ ենք հայտնաբերել, և դա խոսում է այն մասին, որ բնության պահպանության համար պատասխանատու են բոլոր երկրները՝ անգամ այն դեպքում, երբ խոսքը որևէ հեռավոր կղզու աղտոտման մասին է»,- ասել է ավստրալացի հետազոտող Ջենիֆեր Լավերսը, որն իր արշավախմբի հետ անցած ամիս կղզի է այցելել: