Հնդկաստանում ատամնաբույժները երեխայի բերանից 526 ավելորդ ատամ են հեռացրել (լուսանկարներ)

15:26 • 01.08.19

Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Չեննայ քաղաքի ստոմատոլոգիական ինստիտուտում բժիշկները 7-ամյա հիվանդի բերանից 526 ավելորդ ատամ են հեռացրել: Այս մասին հաղորդում է Times of India-ն:

Ռավինդրան ազգանունով փոքրիկը բժիշկներին գանգատվել է ստորին ծնոտի աջ անկյունում առաջացող ուռուցքից։ Բժիշկները ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիա են արել և երեխայի մոտ հայտնաբերել նորագոյացություններ՝ բազմաթիվ մանր ռուդիմենտային ատամներով։

Հուլիսի 11-ին կես ժամ տևած վիրահատության ընթացքում վիրաբույժները բարեհաջող հեռացրել են 200 գրամ քաշով գոյացությունը: Բժիշկները հայտնել են, որ անոմալիայի պատճառը դեռ հայտնի չէ։ Նրանք ենթադրում են, որ շեղման պատճառ կարող են հանդիսացած լինել գեները և շրջակա միջավայրը: Մասնագետները նաև փորձում են պարզել, թե արդյոք երեխայի առողջության վրա չի ազդել բջջային կապի աշտարակից ճառագայթումը։

«Երբ մենք ստացանք համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, մենք կասկածում էինք, որ վիրահատությունը բարեհաջող կանցնի: Բայց հետո մենք համարձակություն ունեցանք և ռիսկի դիմեցինք»,- խոստովանել է երեխայի հայրը:

Այժմ Ռավինդրանը ունի 21 ատամ, ինչը նորմալ է նրա տարիքի համար։ Ատամնաբույժները զգուշացնում են, որ 16 տարեկանում տղային կարող են անհրաժեշտ լինել իմպլանտներ։