Կալիֆոռնիայում կործանիչն ընկել է «Մահվան հովիտ» ազգային պարկում. տուժել է 7 այցելու
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի «Մահվան հովիտ» ազգային պարկում բազմաթիրախային կործանիչի ընկնելու հետևանքով առնվազն 7 այցելու է տուժել: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է, այսպես կոչված, Աստղային պատերազմների կիրճում, որը գտնվում է «Մահվան հովտում»՝ ԱՄՆ ՌԾՈՒ «Չայնա Լեյք» բազայից ոչ հեռու:
Արգելոցի ներկայացուցիչն ընդգծել է, որ կործանիչի կործանման հետևանքով «7 այցելու աննշան վնասվածքներ է ստացել»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կիրճը չափազանց հայտնի է ավիացիայի սիրահարների շրջանում, որոնք այնտեղ են գալիս ուսումնամարզական թռիչքները դիտելու:
Բազմաթիրախային հարվածային կործանիչների ավիագնդի ներկայացուցիչ Լիդիա Բոկն ընդգծել է, որ այս պահի դրությամբ աղետի վայրում իրականացվում է «որոնողափրկարարական գործողություն», սակայն օդաչուի վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում:










