ԵՄ-ում սպասվում է ներքին ցավոտ տրանսֆորմացիա. Լուկյանով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումներն ու զրույցները ոչ ավելին են, քան հանդիպումներ ու զրույցներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ Ֆյոդր Լուկյանովը՝ խոսելով ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին:
Ամեն դեպքում, ըստ նրա, կոմունիկացիայի պահպանումն ավելի արդյունավետ է, քան դրա խզումը:
Խոսելով Եվրամիության մասին, նա նշեց, որ ԵՄ-ն խոշոր խաղացողներից ամենաթույլն է, միաժամանակ՝ ամենաանկանխատեսելին:
«10 տարի առաջ ես Բեռլինում ելույթ էի ունենում, որտեղ ես ասացի, որ Ռուսաստանը փոխվելու է, իրավիճակը փոխվելու է, ԵՄ-ն էլ նույն փոփոխությունների մեջ է ու պարզ չէ, թե ինչ կլինի ապագայում: Իմ այս ելույթի արձագանքը ծիծաղն էր: Նրանք ծիծաղում էին, ասում էին, թե դա հնարավոր չէ, մենք գիտենք աշխարհը: Նրանք համոզված էին, որ իրենց մոտ ամեն ինչ լավ կլինի, բայց տասը տարի անց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրամիության հետ»,- ասաց Ֆյոդր Լուկյանովը:
Քաղաքագետի խոսքով՝ Եվրամիությանը սպասվում է «ցավոտ» ներքին տրանսֆորմացիա:
«Ես համոզված եմ, որ ԵՄ-ն չի փլուզվի, որպես կառույց կմնա, բայց այն կփոխվի: ԵՄ-ն կատարել է իր առջև դրված խնդիրները ու վերջ: Քանի դեռ ԵՄ-ն իր ներսում չհասկանա, թե ինչ է լինելու իր հետ առջևում, ԵՄ-ն դառնալու է «վատ» գործընկեր, նրանց համար Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ հարաբերությունները դառնալու են երկրորդական»,- նշեց Լուկյանովը:










