Հետևելով արդարադատության նախարարի կոչին՝ հենց հիմա ազդարարում եմ, որ կա կոռուպցիոն ռիսկ նրա բանակից ազատվելու հարցի վերաբերյալ. Նարեկ Մալյան
Հետևելով մեր արդարադատության նախարարի կոչին՝ հենց հիմա ազդարարում եմ, որ կա կոռուպցիոն ռիսկ նրա բանակից ազատվելու հարցի վերաբերյալ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը հայտարարել էր, որ հասարակության մոտ պետք է հստակ դիրքորոշում ձևավորվի, թե որքանով է կարևոր կոռուպցիոն դեպքի մասին ազդարարելը:
«Ես ազդարարում եմ նախարարի բանակից ազատման կոռուպցիոն ռիսկի մասին: Մենք արդեն այնքան նամակ գրեցինք ԱԱԾ, ՊՆ, որ հոգնեցինք՝ ազդարարելով: Մինչև հիմա գոյություն չունի այդ հարցի շուրջ հստակ պատասխան: Որպես կոռուպցիան չհանդուրժող մարդ, ինչպես արդարադատության նախարարն է, մենք էլ ոգևորվում ենք այդ կոռուպցիայի դեմ պայքարի հաստատակամությունից և ասում ենք, որ մենք պահանջում ենք, որ ստեղծեն հանձնաժողով այդ հարցի պարզաբանման համար: Այդ հանձնաժողովում անպայման պետք է ընդգրկեն չեզոք մասնագետների, օրինակ՝ նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանին, և վերջապես իմանանք՝ այդտեղ կոռուպցիա կա՞, թե՞ ոչ»,- նշեց Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում: Համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝ ծառայությունից ազատման պատճառը եղել է ողնաշարի 30 աստիճան սկոլիոզի առկայությունը Ռ. Բադասյանի մոտ: Բժիշկ-նեյրովիրաբույժ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը Ռուստամ Բադասյանի՝ պայմանագրային զինծառայությունից ազատվելու հանգամանքների վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ Ռազմական ոստիկանության պետին և ՀՀ ԱԱԾ տնօրենին: «Հնարավոր չէ 30 աստիճան սկոլիոզ ունեցող անձն ունենա նման կեցվածք»,- հայտարարել էր Մարինա Խաչատրյանը:
Նարեկ Մալյանի կարծիքով՝ հակակոռուպցիոն պայքարը արդյունավետ կլինի այն ժամանակ, երբ դրա վերաբերյալ քննարկումները նախաձեռնող պաշտոնյաները «սկսեն հենց իրենց օրինակով այդ ազդարարումներին արձագանքել»:
«Կարծում եմ, որ արդարությունից, վեթինգից, նախկին իշխանությունների գործունեությունից, բոլոր տեսակի պրոցեսներից, որոնց մեջ կա արդարություն և ազնվություն, կարող է խոսել միայն այն մարդը, ով նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիոն «բարիքներից» չի օգտվել: Գոնե այդ պաշտոնի համար պետք է ընտրել այնպիսի մարդու, որի կենսագրությունում նման մութ պատմություններ չկան: Որպեսզի այդ հարցը մեկընդմիշտ փակվի, մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք արդարադատության նախարարը ժամանակին օգտագործել է նախկին իշխանություններում եղած իր կապերը և ապօրինի կերպով է խուսափել բանակից, թե ամեն ինչ օրինական է և պարզ»,- ասաց Նարեկ Մալյանը:
«ՎԵՏՕ» շարժման անդամը հայտնեց, որ բազմաթիվ մասնագետների հետ է խոսել և բոլորը պնդում են, որ 30 աստիճան սկոլիոզ ունեցող մարդը չի կարող նման կեցվածք ունենալ:
«Աստվածաշնչյան հրաշք կարող է լինել, եթե սկոլիոզով հիվանդ մարդը ոչ միայն ուղիղ կեցվածքով կանգնի, այլ նաև վարի գերակտիվ կյանք, սկվոչ խաղա, որը բավական լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է նախատեսում հենց ողնաշարի վրա: Այսինքն, մենք կա՛մ գործ ունենք աստվածաշնչյան հրաշքի հետ, կա՛մ պետք է մեր նախարարը գոնե ասի այն բժշկի անունը, ում մոտ ինքը բուժվել է սկոլիոզից, որպեսզի աշխարհի բոլոր սկոլիոզով հիվանդ մարդիկ գան Հայաստան, այդ բժշկի մոտ բուժվեն: Ինձ թվում է, այսպես կարելի է տնտեսական հեղափոխություն անել հենց արդարադատության նախարարի սկոլիոզի բուժման ֆենոմենի հիման վրա»,- նշեց «ՎԵՏՕ» շարժման անդամը:










