«Մաշան և արջը» մուլտֆիլմի սերիաներից մեկը YouTube-ում ավելի քան 4 մլրդ դիտում է հավաքել (տեսանյութ)
Ռուսական «Մաշան և արջը» հայտնի մուլտֆիլմի «Մաշա գումարած շիլա» («Маша плюс каша») սերիան ավելի քան 4 մլրդ դիտում է հավաքել YouTube-ում, ևս երկու սերիա դիտել են ավելի քան 1 մլրդ անգամ՝ յուրաքանչյուրը, հաղորդում է ria.ru-ն՝ նախագծի մամուլի ծառայությանը հղումով:
«Այն այսօր միակ անիմացիոն հոլովակն է, որը ներառվել է YouTube-ի ամենադիտվող տեսանյութերի թոփ տասնյակում, «Մաշա գումարած շիլա»-ն («Маша плюс каша») հավաքել է ավելի քան 4 մլրդ դիտում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարին «Մաշան և արջը» մուլտֆիլմի այս սերիան Գինեսի ռեկորդների գրքում էր ընդգրկվել որպես YouTube-ում ամենադիտված անիմացիոն հոլովակ:
Ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալը 2019 թվականին նշում է տասնամյակը: YouTube-ում մուլտֆիլմի դիտումների ընդհանուր թիվը գերազանցում է 50 միլիարդը։ Մուլտֆիլմը թարգմանվել է 36 լեզուներով և ցուցադրվում է աշխարհի ավելի քան հարյուր երկրներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մաշան և արջը» ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող երրորդ մուլտֆիլմն է: Ֆիլմը մեծ տարածում ունի նաև հայ հանդիսատեսի շրջանում:










