Իտալիայում արքայազն Հարին բոկոտն ելույթ է ունեցել Google Camp-ի կլիմայի փոփոխության գաղտնի կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են բազմաթիվ հայտնիներ

16:33 • 01.08.19

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Իտալիայում Google Camp էլիտար ճամբարի շրջանակում կլիմայի փոփոխությանը նվիրված գաղտնի կոնֆերանսի ժամանակ ոտաբոբիկ է ելույթ ունեցել, այս մասին հաղորդում է Daily Mail-ը` իրազեկ աղբյուրներին հղումով:

Ըստ տեղեկությունների՝ Սասեքսի դուքսը Երկիր մոլորակը փրկելու վերաբերյալ ելույթ է ունեցել բոկոտն, նրա ելույթի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Արքայազն Հարին այս միջոցառմանը ներկա էր եղել նաև 2017 թվականին:

Տեխնոլոգիական հսկաները և մոլորակի ճակատագրով անհանգստացած հայտնիները Սիցիլիա են ժամանել անձնական ինքնաթիռներով և զբոսանավերով: Հայտնիների թվում են Հարի Սթայլզը, Բրեդլի Կուպերը, Օռլանդո Բլումը, Ստելա Մաքքարթնին, Նիք Ջոնասը կնոջ՝ Պրիանկա Չոպրայի հետ, Լեոնարդո Դի Կապրիոն, Նաոմի Քեմփբելը, Քեթի Փերին, այլք: 

Հաղորդվում է, որ եռօրյա համաժողովին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, սակայն այդ տեղեկատվությունն աղբյուրը չի հաստատում:

Աղբյուրի տվյալներով՝ այս տարի համաժողովը, որն անցկացվում է գաղտնիության պայմաններում, կկենտրոնանա գլոբալ տաքացման դեմ պայքարի վրա:

«Ամենայն հավանականությամբ, քննարկվելու են առցանց գաղտնիության, քաղաքականության, մարդու իրավունքների և, իհարկե, շրջակա միջավայրի հարցերը, ինչը շատ հեգնական է դարձնում այն փաստը, որ այս միջոցառմանը ժամանելու համար 114 մասնավոր ինքնաթիռ է պահանջվել»,- հայտնել է միջոցառման մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ, բնապահպան Ջեյն Գուդոլլի հետ Vogue հեղինակավոր ամսագրի բրիտանական տարբերակին տված հարցազրույցում Սասեքսի դուքսը հայտնել էր, որ հանուն մոլորակի կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ մտադիր են «լավագույն դեպքում» երկու երեխա ունենալ: