Հնդկաստանում «սուրճի թագավորին» մեռած են հայտնաբերել
Հնդկաստանի Մանգալուրու քաղաքի մոտակայքում գտնվող Նետրավատի գետում հայտնաբերվել է Վի Ջի Սիդհարթհայի դին: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, վերջինս համարվում է երկրում Starbucks սուրճի ցանցի գլխավոր մրցակից Cafe Coffee Day ցանցի հիմնադիրը:
Տղամարդը կորել էր հուլիսի 29-ին: Նրա վարորդի վկայությամբ՝ ինքն ու Սիդհարթհան միասին մոտեցել են գետի վրա գտնվող կամրջին, որտեղ նա խնդրել է կանգնեցնել մեքենան՝ ասելով, որ ցանկանում է զբոսնել, իսկ վարորդին կարգադրել է իրեն սպասել կամրջի մյուս ափին, սակայն այդպես էլ չի վերադարձել, նրա բջջայինն անջատված է եղել:
Սիդհարթհայի անհետացումից հետո նրա որոնումները շարունակվել են այնքան ժամանակ, մինչև հուլիսի 31-ի առավոտյան ձնկորսները հայտնաբերել են նրա մարմինը: Ենթադրվում է, որ Սիդհարթհան, որի մոտ բիզնեսում խնդիրներ էին առաջացել, կամրջից ցած է նետվել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ անհետացումից որոշ ժամանակ առաջ գործարարն իր ընկերության աշխատակիցներին նամակ էր ուղարկել, որում ներողություն էր խնդրել այն բանի համար, որ չի կարողացել «ճիշտ բիզնես մոդել» ստեղծել:
Նա հայտնել էր նաև, որ ճնշումների է ենթարկվում պարտատերերի ու հարկային ծառայությունների, ինչպես նաև գործընկերներից մեկի կողմից, որը պահանջում է ոչ շահավետ պայմաններով վաճառել ընկերության բաժնետոմսերը:
Հայտնի է, որ Cafe Coffee Day ցանցը Հնդկաստանում ավելի քան 1500 կետ ունի: Այն ներկայացված է նաև արտերկրում՝ Ավստրալիայում, Եգիպտոսում, Մալայզիայում, Նեպալում և Չեխիայում:










