Հուրգադայում հանգստացող ՀՀ քաղաքացիները 2-րդ հատուկ չվերթով Եգիպտոսից այսօր կժամանեն Հայաստան
Հուրգադայում հանգստացող ՀՀ քաղաքացիները 2-րդ հատուկ չվերթով Եգիպտոսից այսօր ՀՀ կժամանեն: Tert.am-ի հետ զրույցում «Տարոն Ավիա» ընկերությունից տեղեկացրին, որ թռիչքն իրականացվում է իրենց ընկերության կողմից:
«Օդանավն արդեն օդում է, նախնական տվյալներով 109 քաղաքացի է վերադառնում»,- ասացին «Տարոն Ավիա» ընկերությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի: Խնդիրը կապված էր A&R ընկերության տուրօպերատորի հետ՝ ընկերությունը չեղարկել էր Հուրգադա–Երևան չվերթը` Orange to Fly հունական ավիաընկերության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։
ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 47 մլն դրամ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար:










