Ուզբեկստանի նախագահը բելառուս գործընկերոջը նվիրել է վերջինիս քանդակը՝ հոկեիստի կերպարով և անակնկալով (տեսանյութ)

19:53 • 01.08.19

Բելառուսի և Ուզբեկստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Շավկաթ Միրզիյոևը հանդիպել են ոչ պաշտոնական միջավայրում «Զասլավլ» նստավայրում (Մինսկի շրջան) և նվերներ են փոխանակել:

Ինչպես փոխանցում է ԲելՏԱ գործակալությունը, Ուզբեկստանի առաջնորդը բելառուս գործընկերոջը նվիրել է հոկեիստի քանդակ՝ վերջինիս տեսքով: Քանդակի մեջքին առկա է A. Lukashenko գրությունը և 01 թիվը:

Բացի այդ, քանդակի դիմացի հատվածում պատուհանիկ է բացվում, իսկ ներսում Բելառուսի դրոշն ու գերբն է: Իսկ պատուհանի դռնակի ներսի կողմում տեղադրված է Բելառուսի նախագահի կրտսեր որդու՝ Նիկոլայ Լուկաշենկոյի լուսանկարը:

Լուկաշենկոն, իր հերթին, Միրզիյոևին նվիրել է գործված կտավ: Ուզբեկ ղեկավարը նաև բիզոնի քանդակ է ստացել, որը հանդիսանում է Բելառուսի ազգային խորհրդանիշներից մեկը: