Իտալիայի իշխանություններն արգելել են McDonald's-ին Հռոմի պատմական հնավայրի մոտ սննդի կետ բացել

14:07 • 01.08.19

Իտալիայի իշխանություններն արգելել են McDonald's արագ սննդի ցանցին մայրաքաղաք Հռոմում գտնվող Կարակալլայի բաղնիքների մոտ սննդի կետ բացել, ինչը, որոշ պաշտոնյաների կարծիքով, անարգալից կլիներ 3-րդ դարի հնագիտական վայրի նկատմամբ, հաղորդում է CNN-ը:

Որոշման մասին հայտարարել է երկրի մշակութային ժառանգության նախարար Ալբերտո Բոնիզոլին:

«Ես արդեն հայտնել էի, որ դեմ եմ հնավայրի մոտ արագ սննդի կետ բացելուն: Այժմ տեղեկացնում եմ, որ նախարարությունը չեղարկել է կառուցման թույլտվությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բոնիզոլին:

Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջջին իր հերթին ասել է, որ քաղաքի հրաշալիքները պետք է պահպանվեն:

Ավելի վաղ McDonald's-ը բաղնիքի, Կոլիզեումի և պատմական նշանակության այլ տարածքների մոտ սննդի կետ բացելու թույլտվություն էր ստացել:

Նշենք, որ Իտալիայի ամբողջ տարածքում McDonald's-ի 578 կետ է գործում, որոնցից 40-ը մայրաքաղաք Հռոմում են՝ այնպիսի վայրերի հարևանությամբ, ինչպիսիք են Նավոնա հրապարակը, Իսպանիայի հրապարակը և Վատիկանը: