Հասարակության մոտ պետք է հստակ դիրքորոշում ձևավորվի, թե որքանով է կարևոր կոռուպցիոն դեպքի մասին ազդարարելը. նախարար

15:34 • 01.08.19

Հակակոռուպցիոն այս ռազմավարությունը տարբերվելու է նախորդներից երեք հիմնական տարրերով. «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախ, ըստ նրա, այն ունենալու է ֆինանսական հստակ գնահատական բոլոր միջոցառումներին, որոնք ենթադրում են այդպիսի գնահատական:

«Երկրորդը՝ մոնիթորինգ է լինելու, այսինքն՝ ինչն ենք ելակետ սահմանում, որտեղ ենք հիմա և ուր ենք հասնելու և դրա չափելի գնահատականը, օրինակ` կոռուպցիայի ընկալման ինդեքսը նման չափանիշ կարող է լինել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ երրորդ տարրը նախատեսված գործողությունների արդյունքների գնահատումն է և դրա նկատմամբ հետևողական աշխատանքը: «Այսինքն, եթե նախատեսված է 2020թ-ի երկրորդ կեսում, ապա որ մարմինն է հսկելու, որ այդ միջոցառումն իրոք իրականացվի և գնահատի դրա արդյունավետությունը»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ նախարարի, ռազմավարությունը չի լինելու քարացած փաստաթուղթ և ենթակա է անընդհատ փոփոխման: «Այսինքն, եթե տեսնեն, որ մի բան չեն արել, կարող են վերանայել և փոփոխել։ Իհարկե, խոսքը ոչ կոնցեպտուալ հարցերի մասին է»,-ասաց նա:

Ռուստամ Բադասյանը խոսեց նաև ինստիտուցիոնալ համակարգի մասին: «Կարևորն այն է, թե ինչ ենք հասկանում «ինստիտուցիոնալ» ասելով և որքանով այդ մարմինները պետք է արդյունավետ պայքարեն կոռուպցիայի դեմ»,-ասաց նա:  

Նախարարը նշեց, որ կան մտահոգիչ թվեր. «Հասարակության ստվար զանգված, դժվար է ասել իրավաբանական մարմիններին վստահելուց է բխում ավելի շատ, թե որոշակի մշակութային երևույթներից, բայց չի ազդարարում կոռուպցիոն դեպքերի մասին, այսինքն՝ հայտարարագիր ստացող վերլուծող մարմինը պետք է ունենա աջակցություն հասարակության կողմից և աջակցությունը երկրորդ մարմնի՝ հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանման կողմից: Միաժամանակ այդ ստորաբաժանումը կարիք ունի հասկանալու, թե կանխարգելիչ մարմինը քանի հայտարարագիր է վերլուծել, այդ վերլուծության արդյունքները ստանա, որպեսզի պլանավորի իր աշխատանքները, որ հանցագործության դեպք բացահայտի, քրեական հատկանիշների լինելու դեպքերի քննություն նախաձեռնի և իրականացնի»,-ասաց նա:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ գերնպատակ պետք է լինի կրթական ծրագրերի, միջոցառումների իրականացումը, որպեսզի հասարակության շրջանում հստակ դիրքորոշում ձևավորվի, որ ինչով է կարևոր կոռուպցիոն դեպքի մասին ազդարարելը, ինչքան է դա ազդում երկրի զարգացմանը և ինչքանով է կարևոր կոռուպցիայի դեմ պայքարը: Նա հույս հայտնեց, որ ճիշտ ժամկետներում կկարողանան իրականացնել այն, ինչ նախատեսել են:

Խոսելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին, նախարարն ասաց, որ այս հարցը պետք է քննարկել՝ արդյոք սրանով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և կկարողանա ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով  ստորաբաժանում ունենա: «Որովհետև ինքն էլ որոշակի ծանրաբեռնված ձևավորումից հետո գրաֆիկ է ունենալու աշխատանքի և արդյոք այս նույն ֆունկցիան իրե՞նց պետք է վերապահեն: Տեխնիկական ծանրաբեռնվածության առումով մեր իրավապահ համակարգում կան որոշակի խնդիրներ և դա պետք է լուծեն, որպեսզի արդյունավետ գործեն կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները»,-ասաց նա: