Էդվարդ Սնոուդենի հուշագրերը սեպտեմբերին վաճառքում կհայտնվեն աշխարհի 20 երկրում
Սեպտեմբերի 17-ին Macmillan Publishers հրատարակչությունը կթողարկի ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնուդենի գիրքը, որում նա ներկայացնում է իր կյանքի պատմությունը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գիրքը ձեռք բերել հնարավոր կլինի 20 երկրում:
«Էդվարդ Սնոուդենի «Անձնական գործ» (Permanent Record) հուշագրերը 2019-ի սեպտեմբերի 17-ին կհրատարակվեն ողջ աշխարհում Macmillan Publishers հրատարակչության կողմից»,- ասվում է նրա ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:
Ինչպես ասվում է հրատարակչության կայքում գրքի նկարագրության մեջ, «Էդվարդ Սնոուդենը, մարդ, որը վտանգել է ամեն ինչ, որպեսզի բացահայտնի զանգվածային գաղտնալսման ԱՄՆ-ի կառավարական համակարգը, առաջին անգամ պատմում է իր կյանքի պատմությունը, այդ թվում և այն մասին, թե ինչպես է նա օգնել կառուցելու այդ համակարգը և թե ինչն է ոգեշնչել նրան կործանելու այն»:
Գիրքը, մասնավորապես, վաճառքում կհայտնվի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի խանութներում:
Հիշեցնենք, որ Սնոուդենը 2013 թվականին Washington Post և Guardian պարբերականներին է փոխանցել մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գաղտնալսման ծրագրարի մասին: Նա թռել է Հոնկոնգ, այնտեղից էլ՝ Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում:
2014-ին նա եռամյա կեցության իրավունք է ստացել, ինչը նրան թույլ է տալիս ճամփորդել ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլև արտերկրում: 2017-ի հունվարին իրավունքը երկարաձգվել է մինչև 2020 թվականը:










