Մոգադիշոյի քաղաքապետը մահացել է ահաբեկչական պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի քաղաքապետ Աբդուրահման Օմար Օսմանը, որը տուժել էր հուլիսի 24-ին տեղի վարչակազմի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մահացել է ստացած վնասվածքներից:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Սոմալիի նախագահի վարչակազմի հաղորդակցման բաժնի ղեկավարին: Աղբյուրի տվյալներով՝ քաղաքագլուխը մահացել է Քաթարի մայրաքաղաք Դոհայի հիվանդանոցներից մեկում, ուր ուղարկվել էր բուժման:
Հուլիսի 24-ին մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործարկել Մոգադիշոյի վարչակազմի շենքում: Պայթյունը որոտացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սոմալիի հարցով հատուկ ներկայացուցչի հեռանալուց անմիջապես հետո: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը, որը հայտարարել է, որ իր նպատակը ՄԱԿ-ի ներկայացուցիչն է եղել:










