Մոնղոլիայի իշխանությունները Թրամփի որդուն ձի են նվիրել, Թրամփն արդեն անուն է ընտրել

13:47 • 01.08.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ Բերոն Թրամփին Մոնղոլիայի իշխանությունների նվիրած ձին Հաղթանակ է անվանակոչվել, հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Նախագահն իր մոնղոլ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել նվերի համար:

Երեքշաբթի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներից մեկը հայտնել էր, որ Մոնղոլիայի կառավարությունը կենդանուն Բերոնին է նվիրել ավելի վաղ, այլ ոչ թե երկրի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցին ընդառաջ:

Նշվում է, որ կենդանին դեռևս Մոնղոլիայում է, և երկրի իշխանությունները խնդրել էին, որ ամերիկյան վարչակազմը կամ հենց Բերոնը նրա համար անուն ընտրեր:

Հայտնի է, որ Մոնղոլիայում նման նվերն ավանդական է համարվում: Նախկինում ձի են նվեր ստացել Պենտագոնի  նախկին ղեկավարներ Դոնալդ Ռամսֆելդը և Չակ Հեյգելը, ինչպես նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որոնք տարբեր ժամանակներում ասիական պետություն են այցելել:

Սպիտակ տան ղեկավարը, տեսնելով ձիու լուսանկարը, այն գեղեցիկ է անվանել: