Կոչ ենք անում հրաժարվել ուժի կիրառումից. ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում օգոստոսի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության աճը, ինչպես նաև անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Արցախին հատկացվող ֆինօգնության կրճատման մտադրությունը:
«Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության սրմամբ, որի հետևանքով հայ զինվորական է մահացել, և կան վիրավորներ երկու կողմից: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում նրանց, որոնք տուժել են: Լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման մասին վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին և հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելուն ուղղված հայտարարություններին», - ասել է Զախարովան:
Վերջինս հակամարտության բոլոր մասնակիցներին կոչ է արել զերծ մնալ իրավիճակի հետագա լարումից, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար:
Բացի այդ, Զախարովան անդրադարձել է նաև ԱՄՆ Սենատի՝ նոր ֆինանսական տարում Արցախին հատկացվող ամենամյա ֆինանսական օգնությունը կրճատելու մտադրությանը:
«Կցանկանայի դա նշել որպես օրինակ այն բանի, որի մասին մենք բազմիցս խոսում ենք: Մի կողմից՝ արևմտյան քաղաքակրթությունը տասնամյակներ շարունակ դաս է տվել մյուս երկրներին, պետություններին և մայրցամաքներին առաջին հերթին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անկախ քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին և մյուս կողմից՝ հայտարարում է այլ պետության ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: Ինքնիշխան պետության հարաբերությունների կառուցումը մեկ այլ ինքնիշխան պետության հետ հանդիսանում է տվյալ երկրի ներքին գործը, հետևաբար ինչ-որ մեկին թելադրել ում հետ բարեկամանալ, ում հետ ոչ, հակասում է հենց այն սկզբունքներին, որոնք ստեղծել են արևմտյան երկրները, և առաջին հերթին Միացյալ Նահանգները»,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով այն կարծիքը, որ ԱՄՆ-ն ֆինօգնության կրճատմամբ ցանկանում է պատժել Երևանին Մոսկվայի հետ գործընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:










