Ճապոնիայում զվարճանքների այգու աշխատակիցը մահացել է շոգ եղանակի պատճառով, որի հետևանքով երկրում ևս 10 մահ է գրանցվել
Ճապոնիայի Հիրակատա քաղաքի զվարճանքների զբոսայգում մուլտֆիլմի հերոսի կոստյում հագած աշխատակիցը մահացել է երկրում հաստատված անոմալ շոգի պատճառով, որի հետևանքով երկրում ևս 10 մահ է գրանցվել, հաղորդում է Fox News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 28-ամյա աշխատակիցը կիրակի զբոսայգում իր պարային կատարումով զվարճացրել է այցելուներին:
Գրեթե 16 կգ կշռող հանդերձանքով մոտ 20 րոպե պարելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է +28,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Այգու աշխատակիցները հայտնել են, որ տղամարդը նախքան գիտակցությունը կորցնելը չի դժգոհել որևէ բանից և աշխատանքի ընթացքում ջուր է օգտագործել, ուստի չէր կարող ջրազրկման հետևանքով մահանալ: Աղբյուրի տեղեկություններով՝ այգին որոշել է չեղարկել ամռան համար նախատեսված բոլոր ծրագրերը:
Անցյալ շաբաթ հաղորդվել էր ևս 10 զոհի մասին: Kyodo News-ի տվյալներով՝ վերջին օրերին շոգի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով հիվանդանոց է այցելել ավելի քան 5600 մարդ:










